Ամենօրյա խոսք, մարտ 13

Ամենօրյա խոսք, մարտ 13

Artur Simonyan

13/03/2022 5:00AM

Episode Synopsis "Ամենօրյա խոսք, մարտ 13"

Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, որ վախենում են Նրանից. և Իր ուխտը սովորեցնում է նրանց: Սաղմոս 25.14 Չկա մի հավատացյալ, որ չցանկանա մտերիմ լինել Տիրոջ հետ: Աստծո Խոսքն ասում է, որ Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, ովքեր վախենում են Նրանից: Այսպիսով, 11-րդ օրհնությունը մեզ տանում է Աստծո հետ հանդիպման և մտերմության: Ադամը Եդեմի պարտեզում մտերմություն ուներ Աստծո հետ: Գրված է, որ օրվա հով ժամանակ Աստված պարտեզում ման էր գալիս: Ի¯նչ հրաշալի տեսարան. ամենակարող և հզոր Աստված գալիս էր՝ զբոսնելու Ադամի հետ… Սակայն օրերից մի օր Ադամն այդ մտերմությունը կորցրեց Աստծո Խոսքին չհնազանդվելու պատճառով. նա կերավ արգելված պտուղը: Գալով պարտեզ` Աստված Ադամին չտեսավ և նրան կանչեց. «Ադա'մ, ո՞ւր ես»: Մի՞թե Աստված չգիտեր, թե Ադամը որ թփի տակ էր թաքնված: Իհարկե` գիտեր: Պարզապես այդ հարցով Նա ցույց տվեց, որ փնտրում էր առաջվա Ադամին՝ Իր ստեղծած Ադամին, ոչ թե նրան, ով մեղանչել էր Իր դեմ: Ադամը դուրս եկավ թաքստոցից և սկսեց արդարանալ, թե կինն էր իրեն դրդել այդ քայլին: Եվ, ինչպես գիտենք, երկուսն էլ` Ադամն ու իր կինը, արտաքսվեցին Եդեմի պարտեզից, որովհետև չապաշխարեցին իրենց սրտում, այլ նույնիսկ Աստծուն փորձեցին մեղադրել իրենց արարքի համար: Այսօր Աստված վերականգնում է Իր ուխտը Իրենից վախեցողների հետ: Եթե դու Տիրոջից երկյուղ ունես, Նրա մտերմությունը քեզ հետ կլինի: Դու ամեն վայրկյան կզգաս Նրա ներկայությունը, Նա քեզ հետ կլինի և Իր ուխտը կսովորեցնի քեզ: Այդ ժամանակ չես սայթաքի, և ոտքդ քարին չի դիպչի: Սիրելինե'ր, մենք այսօր ավելի քան երբևէ ունենք Աստծո մտերմության և Նրա հայտնությունների կարիքը, որպեսզի պաշտպանված լինենք չարից ու փորձանքից: Երբեք մի' կորցրեք Տիրոջ երկյուղը: Այնպես ապրեք, որ երկինքը ժառանգեք, և երբ կանգնեք Աստծո առջև, չամաչեք նայել Նրա աչքերի մեջ, այլ Աստծո բարեկամներ կոչվեք և հավիտյան վայելեք Նրա մտերմությունը: Ամե'ն:

Listen "Ամենօրյա խոսք, մարտ 13"

More episodes of the podcast Artur Simonyan