Ամենօրյա խոսք, մարտ 16

Ամենօրյա խոսք, մարտ 16

Artur Simonyan

16/03/2022 5:00AM

Episode Synopsis "Ամենօրյա խոսք, մարտ 16"

Եվ նրա կինը ասաց նրան. «Դեռ բռնե՞լ ես քո կատարելությունը, հայհոյի'ր Աստծուն և մեռի'ր»: Եվ նա նրան ասաց. «Հիմար կանանց մեկի խոսքի պես ես խոսում. ուրեմն միայն բարիքը ընդունենք Աստծուց և չարիքը չընդունե՞նք»: Այս ամենի մեջ Հոբը չմեղանչեց իր շրթունքով: Հոբ 2.9,10 Կարդալով Հոբի գիրքը` մենք տեսնում ենք, թե ինչ սարսափելի փորձություններով անցավ նա, բայց վերջում Աստված օրհնեց նրան, որովհետև նա իր բոլոր նեղությունների մեջ չմեղանչեց իր շրթունքներով: Երբ Հոբն ապրում էր Աստծո օրհնությունների մեջ, նրա կնոջ կողմից ոչ մի հակառակություն չկար: Բայց երբ նա փորձությունների մեջ ընկավ, նրա կինն իր ձայնը բարձրացրեց և ասաց. «…հայհոյի'ր Աստծուն և մեռի'ր»: Ինչպես տեսնում եք, սատանան շատ անգամ կարող է օգտագործել մեր հարազատներին և մտերիմներին՝ մեզ վերջնականապես սխալ քայլի դրդելու համար: Ամեն մեկիս կյանքում էլ լինում են նեղության ժամանակներ, սակայն ինչ էլ որ լինի, երբեք չպետք է մեր ձայնը բարձրացնենք և մեր շրթունքներով մեղանչենք Տիրոջ դեմ: Հոբն իր կնոջը հետաքրքիր խոսքեր ասաց. «… ուրեմն միայն բարի՞քը ընդունենք Աստծուց և չարիքը չընդունե՞նք…»: Շատերը կարծում են, թե Տիրոջը հետևել՝ նշանակում է միայն հարստության և շքեղության մեջ ապրել: Ո'չ, Տիրոջը հետևել նշանակում է քայլել նեղ ճանապարհով: Կյանքը մի օր լավ կլինի, մի օր` վատ, բայց մենք պետք է գոհացող լինենք ցանկացած իրավիճակում: Բոլոր օծյալների կյանքում էլ լինում էին լավ ու վատ օրեր: Պողոս առաքյալն ասում էր. «Գիտեմ պակասություն քաշել և ավելությունով լինելն էլ… Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպ. 4.12): Սիրելի°ս, ես չգիտեմ, թե ինչ իրավիճակում ես այսօր. որքան էլ թշվառ կամ նեղ դրության մեջ լինես, երբեք չար բան չխոսես Տիրոջ մասին: Եկեք փառաբանենք Աստծուն ոչ միայն մեր լավ օրերին, այլև այն ժամանակ, երբ վատ օրեր են գալիս: Ամեն ինչի մեջ գոհանանք, ոչ թե փնթփնթանք, բողոքենք, հայհոյենք: Հիշե'ք, թե ինչից սկսվեց Հոբի օրհնության ճանապարհը. իր բոլոր նեղությունների մեջ Հոբը չմեղանչեց իր շրթունքներով: Ամե'ն:

Listen "Ամենօրյա խոսք, մարտ 16"

More episodes of the podcast Artur Simonyan