Ամենօրյա խոսք, մարտ 14

14/03/2022 2 min

Listen "Ամենօրյա խոսք, մարտ 14"

Episode Synopsis

Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, որովհետև Աստված ձեզ փորձելու եկավ, այնպես որ Նրա վախը ձեր առջև լինի, որպեսզի չմեղանչեք»:
Ելից 20.20
Ահա և հասանք 12-րդ օրհնությանը, որ Աստված խոստանում է Իրենից վախեցողներին: Իհարկե, այս օրհնությունների ցուցակը կարելի է շարունակել, բայց առայժմ կսահմանափակենք միայն տասներկուսով:
Տիրոջ երկյուղը մեզ պահպանում է ամեն տեսակի մեղքերից: Մովսեսը ժողովրդին ասում է՝ Տիրոջ երկյուղը թող ձեր առջև լինի, որ մեղք չգործեք:
Մենք աղոթում են «Հայր մեր»-ը, որտեղ ասվում է. «Մի՛ տար մեզ փորձության, ապա չարից մեզ ազատիր…»: Տիրոջ երկյուղն ամենամեծ ապահովությունն է փորձությունների մեջ չընկնելու և չարից ազատվելու համար:
Մարդիկ հաճախ հարցնում են. «Մի՞թե քրիստոնեության ողջ էությունն այն է, որ մարդը մեղք չգործի. մի՞թե այլ կերպ հնարավոր չէ»: Ո՛չ, սիրելինե՛ր, այլ կերպ հնարավոր չէ: Երբ կարդում ենք Աստվածաշունչը, հասկանում ենք, թե ինչ հաղթական կյանք կարող էինք ունենալ` ապրելով Աստծո հետ:
Սուրբ գիրքը մեզ ճանապարհ է ցույց տալիս, թե ինչպես կարելի է հաճո լինել Աստծուն, լավ ծառայողներ լինել եկեղեցում, հրաշալի փոխհարաբերություններ ունենալ մեր ընտանիքի անդամների հետ, սիրել միմյանց, չլինել մերժված, կայանալ որպես անհատներ, այլ խոսքերով` ինչպես ապրել երկրի վրա երկնային օրհնությունների մեջ: Եվ այս ամենին հասնելու գլխավոր ճանապարհը սրբությունն է, որովհետև մեղքը պատ է կառուցում մեր և Աստծո միջև՝ փակելով մեր օրհնությունների դուռը:
Մեղքը գալիս է սատանայից և մարդուն տանում է դժոխք, որովհետև գրված է. «Մեղքի վարձքը մահն է»: Միայն Տիրոջ երկյուղը մեզ կպահպանի և կազատի մեղքից:
Երբ մեղք ենք գործում և խնդրում ենք Տիրոջը, որ մեզ ների, Նա լսում է մեր աղոթքը և մեզ մաքրում մեղքերից: Սակայն որքան է պատահում, որ չանցած որոշ ժամանակ, նորից ենք մեղանչում:
Սիրելինե՛ր, եկել է ժամանակը, որ ոչ միայն ներում խնդրենք, այլև ասենք. «Տե՛ր Աստված, տո՛ւր ինձ Քո երկյուղը, որ այլևս չմեղանչեմ Քո առջև»:
Հիշե՛ք այն կնոջը, ում Հիսուսն ասաց. «Գնա՛ և այսուհետև մեղք մի՛ գործիր» (Հովհ. 8.11): Հավատացած եմ, որ այդ կինը հեռացավ Տիրոջ երկյուղով լցված:
Դուք էլ լցվեք Տիրոջ երկյուղով, որ մեղք չգործեք: Ամե՛ն: